Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններՀայաստանի քաղաքական դաշտի մաքրումը. Ընտրություններին նախորդող ռազմավարություն

Հայաստանի քաղաքական դաշտի մաքրումը. Ընտրություններին նախորդող ռազմավարություն

Հայաստանի քաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացները այսօր դժվար է դիտարկել առանձին-առանձին։ Բազմաթիվ ժամանակահատվածներում քրեական հետապնդումների, կալանքների, տնային կալանքների կամ վարչական հսկողության տակ հայտնվող բացառապես ընդդիմադիր հայացքների տեր մարդկանց դեպքերը ձևավորում են մեկ ընդհանուր պատկեր՝ իշխանությունը փորձում է քաղաքական դաշտը մաքրել բոլոր այն մարդկանցից, որոնք կարող են խանգարել իր վերարտադրմանը։

Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ 2018 թվականի հեղափոխական էյֆորիան վաղուց անցել է։ Տնտեսական, անվտանգային և արտաքին քաղաքական բազմաթիվ խնդիրների ֆոնին հանրային վստահությունը նախկինը չէ։ Այդ պայմաններում իշխանության համար ամենամեծ վտանգը ոչ թե առանձին քաղաքական ուժերն են, այլ այն մարդիկ, որոնք ունեն հասարակության տարբեր շերտերի վրա ազդեցություն և կարող են ընտրությունների ժամանակ ընտրողներին մոբիլիզացնել ընդդիմության օգտին։

Այս տրամաբանությունը հստակ երևում է ԲՀԿ ցուցակում ներգրավված Անդրանիկ Թևանյանի դեպքում։ Նա այս պահին ունի մեղադրյալի կարգավիճակ, և քննվում է նրան կալանավորելու հարցը։ Ըստ մեղադրանքի՝ Թևանյանի դեմ հարուցված քրեական գործի պատճառը 2024թ-ի ԱԺ փակ նիստից ինչ որ նյութեր ՌԴ հատուկ ծառայություններին տրամադրելն է՝ բավականին մեծ գումարի դիմաց։ Ընդ որում, ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել 2 տարի առաջ, և միայն հիմա է Թևանյանին մեղադրանք առաջադրվում ու այս մասին առաջինը խոսում է Նիկոլ Փաշինյանը, ով քարոզարշավին մասնակցելու նպատակով արձակուրդում է գտնվում։

Նմանատիպ անհավասար քարոզարշավի պայմաններ է ստեղծել նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի դեպքում։ Վերջինիս կողմից ասված «մեր ձևով ենք պաշտպանելու եկեղեցին» միտքը, գրեթե 1 տարի է նրան հասարակությունից մեկուսացնելու պատճառ է դարձել։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով խոստանում է ընդդիմադիրներին ու իրեն հակադրվողների վրա մատ է թափ տալիս, սպառնում։ Սամվել Կարապետյանի դեպքում վերջինս տնային կալանքի տակ է, նա կարող է կոչեր անել, հանդիպումներ ունենալ իր տանը, բայց չի կարող լքել բնակության հասցեն, ինչպես փաստաբաններն են նշում՝ մի բանի համար է արվել՝ խոչնդոտելու համար նրա քարոզարշավը։

Հայաստանի համար աննախադեպ իրավիճակ է նաև եկեղեցու դեմ տարվող արշավի ու սրբազանների դեմ հարուցված քրեական գործերի տեսանկյունից։ Բագրատ Սրբազանը կալանավորված է, Միքայել Սրբազանը տնային կալանքի տակ է, դատարանի որոշմամբ կարող է միայն պատարագների մասնակցել, բայց չի կարող պատարագներ մատուցել, հանդիպումներ ունենալ, հարցազրույցներ տա։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի դեպքում կիրառվել է չբացակայելու արգելք ու վարչական վերահսկողություն։ Արշակ սրբազանը կալանքից ազատ է արձակվել, սակայն ամիսներ շարունակ գտնվում էր ԱԱԾ պադվալում՝ իբր այլ անձի պայուսակում թմրամիջոց գցելու համար, հիմա էլ չի կարող լքել Վաղարշապատ համայնքի տարածքը։

Այս ցուցակին կարելի է ավելացնել նաև հասարակական մեծ աջակցություն ու համակիրների բանակ ունեցող քաղաքական գործիչներից Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, Սև հովազ կազմակերպության նախագահ Սերոբ Գասպարյանը, ՀՅԴ անդամ Իգոր Սարգսյանը, ազատամարտիկ Աշոտ երկաթը (Աշոտ Մինասյան), ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղարը, որոնք բոլորը կալանքներով ու տնային կալանքներով իզոլացվել են հասարակությունից, նույնպես զրկված են այս ընտրությունների ժամանակ ակտիվ քարոզչություն անելու հնարավորությունից։ Նրանց բոլորին միավորում է մեկ հանգամանք՝ նրանք իշխանության աջակիցները չեն։

Քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից ընդդիմախոսներին հետապնդելն, իհարկե, նոր մեթոդ չէ։ Աշխարհի տարբեր երկրներում իշխանությունները հաճախ փորձել են ոչ թե մրցել իրենց հակառակորդների հետ, այլ սահմանափակել նրանց հնարավորությունները։ Ոմանց հեռացնում են քաղաքական գործընթացներից, ոմանց՝ տեղեկատվական դաշտից, ոմանց՝ կազմակերպչական աշխատանքից։

Հայաստանում, մենք տեսնում ենք նույն տրամաբանությունը, բայց անհամեմատելի ծավալների։ Իշխանությունը կորցնելու վախով ապրող Նիկոլ Փաշինյանի համար խնդիր է դառնում այն ընդդիմադիր գործիչը, որը կարող է հազարավոր մարդկանց հավաքել հրապարակում։ Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ քաղաքական պայքարը տեղափոխվում է ոչ թե գաղափարների մրցակցության, այլ իրավապահ համակարգի դաշտ։

Tags:
Share:

Առնչվող գրառում