Արցախի հայերի վերջին հարյուրավոր եւ հազարավոր տարիների ճակատագրի հետ կապված ողբերգական իրադարձություններից հետո հասարակությունը հայտնվել է աննախադեպ լարվածության եւ բեւեռացման վիճակում։ Այս պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության հարցը դարձել է ոչ միայն բարոյական, այլեւ պետական անվտանգության հարց։ Սակայն, երբ իշխանությունը, օգտագործելով իր ամբողջական ռեսուրսը, հարձակվում է հասարակության վրա, կալանավորում ընդդիմության ներկայացուցիչներին, եւ մարդկանց իրենց քաղաքական հայացքների համար ենթարկում հալածանքների, ի՞նչ է անում մարդու իրավունքների պաշտպանը։
Իհարկե՝ անատամ, ընդհանուր բնույթի եւ ոչինչ չասող հաղորդագրություններ է տարածում՝ հավասարության նշան դնելով հանցագործի եւ զոհի միջեւ, դրանով մեղսակից եւ մասնակից դառնալով հանցագործության իրականացմանը։
Արդյո՞ք մարդու իրավունքների պաշտպանը գիտի, թե ինչ է նշանակում մարդու իրավունքներ, եւ հատկապես՝ արժանապատվությունը, որը, ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, մարդու իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմքն է։ Երբ իշխանությունը մեղադրում է արցախցի փախստականին փախչելու կամ չմեռնելու մեջ, երբ իշխանության ներկայացուցիչները սպառնում են ընդդիմության առաջնորդներին սատկացնել կամ սեռական օրգանները կտրել, դա արդյո՞ք արժանապատվության կոպիտ խախտում չէ։ Երբ կին լրագրողից պահանջում են նշել իր երեխայի հոր անունը, դա արդյո՞ք կնոջ արժանապատվության կոպիտ խախտում չէ։
Երբ կոչն անհասցե է, երբ դու մատնացույց չես անում վիրավորողին, չես դատապարտում կոնկրետ անձի կամ կազմակերպության գործունեությունը, դա ոչ միայն անիմաստ է, այլեւ՝ խիստ վտանգավոր, որովհետեւ դրանով դու զոհի եւ հանցագործի միջեւ հավասարություն ես դնում, խախտում ես զոհի պաշտպանված լինելու իրավունքը՝ փոխանակ այն պաշտպանելու։
Իշխանությունը, օգտագործելով իր ողջ պատժիչ մեքենան, հարձակվել է հասարակության վրա։ Ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ կալանավորված են, մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար ենթարկվում են ամենատարբեր հալածանքների։ Եվ ի՞նչ է ասում այդ ժամանակ մարդու իրավունքների պաշտպանը։ Ահա մի հատված նրա հայտարարությունից. «Ամենօրյա ռեժիմով արձանագրվում են մի շարք դեպքեր, երբ քաղաքական բանավեճը տեղափոխվում է փոխադարձ վիրավորանքի, թշնամանքի, անհանդուրժողականության եւ հանրային պառակտման վտանգավոր դաշտ»։ Այս տեքստից դուք հասկանո՞ւմ եք, թե ով է ում վիրավորել, ով է վիրավորանք, թշնամանք կամ անհանդուրժողականություն տարածողը եւ ով՝ զոհը։
Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի խիզախ եւ ըմբոստ մեկը, որը պետք է ունենա այնքան բարոյական հեղինակություն, որ չվարանի իշխանության եւ նրա ղեկավարի դեմքին ասելու այն, ինչ մտածում է նրանց գործողությունների մասին, եւ ինչո՞ւ հենց իշխանության․ որովհետեւ մարդու իրավունքները խախտվում են առավելապես իշխանության ներկայացուցիչների եւ ոչ թե «բոլոր քաղաքական ուժերի» կողմից, ինչպես ասում է մարդու իրավունքների պաշտպանը։ ՄԻՊ-ը նախ ինքը պետք է ունենա արժանապատվություն, կարողանա պաշտպանել սեփական արժանապատվությունը, որ հետո էլ կարողանա պաշտպանել այլոց արժանապատվությունն ու իրավունքները։ Մի՞թե կարելի է բացարձակ իրավունքներ չունեցող ստրուկին նշանակել իրավունքի պաշտպան եւ նրանից իրավունքի պաշտպանություն ակնկալել։

