Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններԻշխանությունների որոշումը՝ արգելել Գարեգին Բ-ին մասնակցել Իլիա Բ-ի հուղարկավորությանը, խայտառակություն է և վիրավորանք ամբողջ հայ ժողովրդի արժանապատվությանը։

Իշխանությունների որոշումը՝ արգելել Գարեգին Բ-ին մասնակցել Իլիա Բ-ի հուղարկավորությանը, խայտառակություն է և վիրավորանք ամբողջ հայ ժողովրդի արժանապատվությանը։

Իշխանությունների կողմից կայացված որոշումը՝ արգելել Հայաստանի Հոգևոր Գլխավոր Աթոռի կաթողիկոս Գարեգին Բ-ին մասնակցել Վրաստանի ուղղափառ եկեղեցու կաթողիկոս Իլիա Բ-ի հուղարկավորությանը, ոչ միայն խայտառակող է, այլև անընդունելի վիրավորանք է հայ ժողովրդի արժանապատվությանը։

Կաթողիկոսը պարզապես անհատ չէ։ Նա մարմնավորում է մեր ժողովրդի հոգևոր առաջնորդությունը, մեր հավատքի, ավանդույթի և մշակութային ժառանգության անբաժանելի մասն է։ Նրան արգելելը՝ այս ծանր պահին, երբ եղբայրական եկեղեցիներն ու ժողովուրդներն իրենց վշտը կիսում են միմյանց հետ, դիտավորյալ հարված է դարավոր հավատքին, մեր ավանդույթներին և հայ ու վրաց ժողովուրդների ու եկեղեցիների միջև եղած բնական և խոր կապին։

Այս քայլը բացահայտում է իշխանության մանրախնդրությունը և վտանգավոր անհեռատեսությունը։ Պետական լծակները, որոնք պետք է պաշտպանեն պետությունը, այժմ օգտագործվում են ներքին հաշվեհարդարի համար՝ հորինված մեղադրանքներով։ Ի՞նչ ուղերձ է սա աշխարհին։ Որ Հայաստանը հետապնդում է իր հոգևոր առաջնորդներին, թե՞ որ այն անտեսում է իր ամենամոտ հարևանների վիշտը նման պահերին։ Արտաքին դիտորդներն այստեղ կտեսնեն մի պետություն, որը կլանված է քաղաքական վենդետաներով, անտարբեր է իր միջազգային հեղինակության նկատմամբ և կուրացած՝ չի գիտակցում պետությանը, ժողովրդին և միջազգային հեղինակությանը հասցվող վնասը։ Եվրոպական խորհրդարանում ելույթի նվաստացումը հերիք չէր, հիմա էլ սա։

Եվ ամենակարևորը՝ ինչքա՞ն դեռ հայ ժողովուրդը կհանդուրժի այս ամենը։ Այս դեպքը մեկուսացված չէ․ այն հերթական օղակն է այն գործողությունների շղթայում, որոնք քայքայում են պետությունը, ինստիտուտները, պառակտում հասարակությունը և թուլացնում երկիրը։ Սա է հենց պատճառը, որ մեր ճակատագիրը որոշվում է առանց մեզ։ Ինչպե՞ս կարելի է լուրջ վերաբերվել նման իշխանություն ունեցող երկրին, որն ինքը իր հեղինակության վրա թքած ունի։

Հունիսի 7-ը մոտենում է։ Գալիս է պահ, երբ վրդովմունքը պետք է վերածվի պատասխանատվության պահանջի։ Այս խայտառակ որոշումը կդառնա ևս մեկ պատճառ՝ հարյուրների կողքին, որպեսզի քաղաքացիները վճռականորեն քվեարկեն այս իշխանությանը հեռացնելու օգտին։

Վարդան Օսկանյան
ՀՀ նախկին արտգործնախարար
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ

Tags:
Share:

Առնչվող գրառում