Ընդդիմության հիմնական նպատակը պետք է լինի գալ իշխանության և առաջին հերթին դադարեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող պատերազմը։ Այս կարծիքը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ վերլուծելով հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական իրավիճակը։
Ըստ մասնագետի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են ոչ թե խաղաղության, այլ հիբրիդային պատերազմի փուլում։ Նա նշեց, որ Ադրբեջանը շարունակում է հիբրիդային և այլ միջոցներով պատերազմ վարել Հայաստանի դեմ, և այս պատերազմի «տաք փուլը» պարզապես փոխարինվել է հիբրիդայինով, որը կարող է ցանկացած պահի վերածվել նոր «տաք ֆազայի»։
Վիգեն Հակոբյանը նաև անդրադարձավ ընդդիմության ներսում ձևավորվող քաղաքական դաշինքներին։ Նրա խոսքով՝ քաղաքական դաշտում առկա են չորս հիմնական ձևաչափ՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը», ՀՀ երկրորդ նախագահի գլխավորած «Հայաստան» դաշինքը, Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին»-ը և «Միասնության թևեր»-ի, «ՀայաՔվե»-ի ու «Շանթ» դաշինքի միավորումը։
Քաղաքագետը կարևորեց, որ այս առանձին միավորումները տակտիկապես կարողանան համախմբվել և ընկալվել հասարակության կողմից որպես ռազմավարական առումով նույն նպատակին ուղղված ուժեր։ Նրա կարծիքով՝ ընդդիմության հիմնական նպատակը պետք է լինի այսօրվա իշխանությանն իշխանազրկելը, ինչը հնարավոր է դառնա միասնական ջանքերի շնորհիվ։
Վիգեն Հակոբյանը նաև վերլուծեց ներկա իրողությունները՝ նշելով, որ իշխանության համար իշխանությունը պահելը գոյաբանական խնդիր է, իսկ ընդդիմության համար՝ իշխանությունը փոխելը։ Նրա կարծիքով՝ եթե երկու կողմերն էլ իրենց համար այս ընտրությունները գոյաբանական բնույթի են դիտարկում, ապա ընդդիմությանը հաջողությունն ավելի հավանական է։
Քաղտեխնոլոգը նաև անդրադարձավ իշխանության կողմից օգտագործվող հոգեբանական հնարքներին՝ «սեպտեմբերյան պատերազմ» սցենարի վերաբերյալ հայտարարություններին, որոնք նրա կարծիքով, պարզապես արհեստական հայտարարություններ են, որոնք նպատակ ունեն մարդկանց վախեցնելու և իրենց իշխանությունը պահելու համար օգտագործելու։
Վերջում Վիգեն Հակոբյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի նյարդային պահվածքը պայմանավորված է նրանով, որ ինքը ծանրութեթև է անում, թե արտաքին ինչ ռեսուրսներ կան, որոնք աջակցում են իրեն, և իր բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ ինքը կարող է հույս դնել միայն Ադրբեջանի և Թուրքիայի վրա։

