Երբ դիտարկում եմ Նիկոլ Փաշինյանի այս օրերի վիճակը, նրա ջանքերը, որոնք ուղղված են համոզելուն, որ նա արժանի է նորից զբաղեցնելու Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, մի կողմից զգում եմ խղճահարություն։ Տեսնում եմ նրա տառապանքները, հոգեկան ապրումները և ջղաձգումները։ Կարծում եմ, որ ոչ մի նորմալ մարդ չէր դիմանա և չէր գնա այդ ամենին, քանի որ, ի վերջո, մարդու առողջությունն ու կյանքն ավելի թանկարժեք են, քան այն պաշտոնը, որը ստիպված ես ձեռք բերել այսքան նվաստացումների և ծանր գնով։
Եթե կորցնես առողջությունդ և հայտնվես հիվանդանոցային մահճին, այլևս անիմաստ կլինի՝ վարչապետ ես, թե՞ կանաչապատման ծառայության բանվոր։ Ինչևէ, մեծ թվով մարդիկ կամովին հրաժարվում են շատ ավելի մեծ երկրների ղեկավարների պաշտոններից և հանգիստ ապրում՝ իրենց կյանքից գոհ ու երջանիկ։ Պաշտոնով ո՛չ սկսվում, ո՛չ ավարտվում է կյանքը։
Առհասարակ, այսքան տեռորի, սպառնալիքների, շանտաժի և պարտադրանքի գնով ձեռք բերված քվեները կարող ես նույնիսկ չմարսել։ Ինչու՞, քանի որ հասարակությունը պետք է ընդունի տվյալ անձին, նրա առաջնորդությունը։ Չի կարող երկրի վարչապետը մի փոքր խմբակի կողմից ընդունելի լինել և շարունակել պաշտոնավարել։ Այս անդուլ տվայտանքները, փողոցներն ընկած, ողջ թիմին «տոկի տված», գիշերը՝ ցերեկ, ցերեկը գիշեր սարքած, առանց մարդկանց հետ հարաբերվելու տարրական կանոնները պահելու, կարեկցանքից բացի նաև զզվանք է առաջացնում։
Ինչպե՞ս կարելի է այդքան իշխանության մեռած լինել և այդքան սիրել աթոռը։ Ինչպե՞ս կարող է այսքան ագրեսիա հորդել մի մարդուց, այսքան ատելություն՝ իր աթոռի վրա աչք ունեցողների նկատմամբ, այսքան արհամարհանք՝ Հայաստանի Հանրապետության ընտրողի նկատմամբ, այսքան իրարամերժ ու հակասական հայտարարություններ՝ նման կարճ ժամանակամիջոցում։

