Սա ոչ թե «երեխաների հեղափոխություն» է, ինչպես հայտարարում է իշխանությունը, այլ բոլշևիկյան հեղափոխության կրկնօրինակում։ Բոլշևիկները իշխանության գալիս էին հարուստներից ունեցվածքը խլելու և այն աղքատներին բաժանելու լոզունգներով։ Նրանք աղքատ, անգրագետ, հաճախ՝ չարացած զանգվածին հանում էին փողոց՝ ընդդեմ մտավորականների, հարուստների, իշխող էլիտայի։ Բոլշևիկները օգտվում էին ժողովրդի խավարամտությունից, չարքաշ կյանքից, դասակարգային ատելությունից՝ հարուստի ու կրթվածի հանդեպ։
Թե 2026-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարած «հեղափոխությունն» ինչ ճակատագիր կունենա, պետք չէ հեռու գնալ։ Բավական է հիշել բոլշևիկյան հեղափոխության և Սովետական Միության ճակատագիրը։ Բայց մենք 70 տարի ժամանակ չունենք, որ բոլշևիկյան մտածողության աղետաբերության մեջ ամբողջությամբ համոզվենք։
Այսօրվա իշխանությունները խոստանում են ժողովրդին վերադարձնել Գագիկ Ծառուկյանի դղյակը։ Սա հարց է առաջացնում։ Ինչո՞վ է Լֆիկի դղյակը տարբերվում Ծառուկյանի դղյակից, որ այն էլ չեն վերցնում ու դարձնում, ասենք, մանկական ճամբար։ Նույն տրամաբանությամբ պետք է «Ռոսիա» կինոթատրոնը, Սիլպլազայի շենքը վերցնեին Սուքիասյանից ու դարձնեին մանկապարտեզ ու կինոթատրոն, Շշի Մելոյի դղյակը՝ թանգարան, Գագիկ Մելքոնյանի բիզնեսները՝ զինվորական ճաշարան։
Հարուստներ ու աղքատներ հակամարտությունն ու սոցիալական անհավասարությունը մարդկության պատմության ողջ ընթացքում ուղեկցել են հասարակություններին։ Պետության դերը եղել է այդ անհավասարությունը մեղմելը, աղքատներին պաշտպանելը, սոցիալական ծրագրերով նրանց կյանքը հեշտացնելը։ Դրան նաև հարուստներն ու հաջողակներն են մասնակցել միշտ՝ հարկեր վճարելով, բարեգործական ծրագրեր իրականացնելով։ Ոչ մի նորմալ պետություն-իշխանություն իր աղքատ խավին չի հրահրել ու չի հրահրում հարուստ խավի դեմ, որովհետև դա հղի է բախումներով, քաղաքացիական պատերազմով։ Որովհետև հարուստ խավի մեջ են նաև խելացիներն ու կրթվածները, ուժեղներն ու ազդեցիկները։
Իսկ այս իշխանությունը ոչնչացրել է հասարակությանը ջունգլիներից տարբերող որակները, ավիրել է սերունդների և սոցիալական խավերի համերաշխության նշույլները։ Աղքատին հանել է հարուստի դեմ, հիմարին՝ խելոքի, անկիրթին՝ կրթվածի, անհայրենիքին՝ հայրենասերի, «հայաստանցուն»՝ արցախցու, չհային՝ հայի դեմ։
Մերժեք ՔՊ-ին, և մեր երկրում դժվարությամբ, բայց կվերականգնվեն համերաշխությունը, պատմական օրինաչափություններն ու արդարությունը։

