Ինձ այլևս չի հետաքրքրում, թե Փաշինյանն էլի ինչ է ուզում անել՝ նոր տարածքներ հանձնել, ադրբեջանցու անվան տակ 300 հազար սիրիացի ահաբեկիչ բերել, ԵՄ գնալ… Փաշինյանն այս սպառնալիքներն իրականացնելու համար այլևս ժամանակ չունի։ Ինքն է անձամբ խոստովանել, որ իր ապագա արկածախնդրությունները պայմանավորված են ընտրություններում տանելիք հաղթանակով։
Միանգամից ասեմ՝ Փաշինյանի հաղթանակն այս ընտրություններում բացառված է։ Իսկ եթե հաղթանակը բացառված է, նշանակում է՝ բացառված են նաև նրա բոլոր այլանդակ «պլանները»։ ՔՊ-ն ու Փաշինյանը ջարդուփշուր են լինելու հունիսի 7-ին։ Նրանց մնաց 18 օր…
Ինչու եմ այսքան վստահ։ Նախեւառաջ, ես շնորհակալ եմ Փաշինյանին, որ այլևս չի սեթեւեթում և ամեն ինչի մասին, որ պատրաստվում է անել, հայտարարում է բացեիբաց։ Դա տեղը տեղին գրգռում է հանրությանը, և անգամ նրանք, որ տասը և ավելի տարիներ մերժել են ընտրությունները, գալու են տեղամաս՝ «ոչ» ասելու Փաշինյանին, գալու են՝ Փաշինյանի ապագա հանցագործությունների մասնակից չդառնալու հստակ մտադրությամբ։
Մյուս կողմից էլ՝ ոչ ոք այնպես չի փոշիացնում ՔՊ-ի ընտրազանգվածը, ինչպես Փաշինյանն ու քյոհնա ուսապարկերը։ Հանրապետության գյուղերով ու քաղաքներով քարոզատռճիկ տվող այս բիոմասսան վաղուց արդեն ասելիք չունի հանրությանը, իսկ թատերականացված շոուները, որ իրենց հետ քաղաքից քաղաք և գյուղից գյուղ են տանում, զավեշտ են առաջացնում ոչ միայն նորմալ մարդկանց, այլև 2018 և 2021 թվականներին այդ փոքրիկ խմբակին ձայնակցած աննորմալների շրջանում։ Բա ի՞նչ էիք ուզում, որ լիներ… Ավելի մեծ խայտառակություն կա՞, քան իրեն կորցրած վարչապետը, քան կանանց սպիտակեղենի ֆոնին գովազդվող իշխանությունը, քան ցռան Պնախարարը, որ սպառնում է ժողովրդին տրորելով անցնել… Եվ դեռ չեն հասցրել լինել բոլոր բնակավայրերում։ Ամեն տեղ մի չոռ, մի ցավ կպցնում են, թքում, մրում, ընդհուպ նիկոլական քարոզչաբերի գլխին ջուր լցնում, նրանց առաջ պիկետներ դնում, վանկարկում ամեն մեկն իր սրտի ուզած ընդդիմադիր թեկնածուի անունը։ Մի խոսքով՝ խայտառակվել են՝ էլ դու սուս։
Ի պատիվ ընդդիմության պետք է ասել, որ լավ են բռնել Փաշինյանի ամենացավոտ տեղերից։ 3-4 ճակատով այնպես են արեւին տվել Փաշինյանի կեղտոտ լվացքը, որ ոչինչ այլևս գաղտնի չի մնացել՝ սկսած պայմանավորված պատերազմից ու պարտությունից, վերջացրած զոհված հերոսների անուններն ու թիվը հրապարակելու անկարողությամբ։ Այս իշխանությունների տնտեսական հավկուրության, աշխարհաքաղաքական հարցերում դրսեւորած բոբիկության, մարդկանց սոցիալական խնդիրները լուծելու անկարողության, կրթության, գիտության ու մշակույթի բնագավառներում երկու էշի գարի իրարից ջոկել չկարողանալու մասին էլ չենք խոսում։ Ու մեկ էլ՝ ձեր փայ Կտրիճը թաղի ձեզ, Եկեղեցու հա՞րցն ինչ եղավ, վարչապետի գլխավորած եկեղեցական խորհուրդն ո՞ւր է, Կճոյա՞նն ուր է՝ «Բենթլի»-ով փախա՞վ, հոգեւոր հանրահավաքն ավարտվե՞ց… Բա էլ ի՞նչ հույսով եք ձեր գույնզգույն շորերով ու գլխարկներով, սրտիկ-մրտիկով, քրմապետի հետեւից ընկած, դեսուդեն վազում, այսքանից հետո դեռ ապուշ մարդ կա՞, որ իր քվեն տա ձեզ։
Ընդդիմության հաղթանակին կարող է խանգարել մեկ բան։ Տղերք, հանկարծ ձեր բռնած գործին վատություն չխառնեք՝ տակից կլինի, թե՝ գլխից։ Ով թուլացավ՝ փչացնելու է ժողովրդի հաղթանակը։ Որոշեք, միասին հայտարարեք, որ ոչ մի պարագայում, անգամ ընտրություններում տանելիք ամենաարտառոց արդյունքների դեպքում ՔՊ-ի հետ չեք համագործակցելու։ Ժողովրդի՝ ձեզ տված ամեն քվեն ոսկի է, փրկության ծովում մի կաթիլ։ Գյումրի-2, մի բան էլ ավել՝ լինելու է։
Փաշինյանին ամբողջովին զինաթափելու համար խոստացեք, որ պետական ապարատի բոլոր մասնագետները, քաղծառայողներն ու ապաքաղաքական պաշտոններ զբաղեցնողները կմնան իրենց տեղերում, աշխատանքը հանիրավի կորցրած ուսուցիչները, բժիշկները, դասախոսները, դպրոցի տնօրենները կվերականգնվեն իրենց պաշտոններում։ Սրանք շռայլություններ չեն, այլ՝արդարությունը և հասարակության համերաշխությունը վերականգնելու իրատեսական քայլեր։ Նիկոլն ուժեղ էր իր պառակտչությամբ, դուք դարձեք մեր հասարակության համախմբողները։
Առջեւում ՀԱՊԿ գագաթնաժողովն է, որին Փաշինյանը չի մասնակցելու։

