Այսօր, Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մտնելու տոնի օրն է։ Առաջին հայացքից, այսօրվա մարդու համար «սոսկալի չարչարանքների և բանտարկության» ՏՈՆ հասկացությունը կարող է տարօրինակ թվալ։
Սակայն այս տոնի իմաստը շատ ավելի խորն է, քան պարզապես անցյալի ողբերգության հիշատակը։ Այն իմաստավորված է հստակ նպատակով՝ հանուն ճշմարտության և արդարության։ Իհարկե, այս տոնը ոչ միայն ցավի, այլև հաղթանակի տոն է։
Այն սկիզբը դարձավ Հայոց Մեծ Դարձի՝ դեպի Աստված ճանապարհորդության և նրա հետ Հաշտության։ Ինչպես որ Հարության Հաղթանակին նախորդեց Խաչի խորհուրդը, այնպես էլ Խոր Վիրապի մտքը դարձավ մեր ժողովրդի ազատագրության հիմնաքարը։
Ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի։ Այն չի տրվում առանց զրկանքների, տառապանքի, զոհաբերության, հաստատ համոզումի, կամքի, հավատքի, հույսի և վերջապես սիրո զոհաբերական սիրո։ Այս ճանապարհի սկիզբը և ավարտը սերը կամ ծառայությունն է։ Այն սկսվում է սիրոց և ամփոփվում է սիրով դառնալով սիր ըսակը, որի պտուղը ազատագրությունն է։
Այսօրվա տոնը նշանակում է ոչ միայն Սբ Գրիգորի, այլև մեր ժամանակակից ազատազրկվածների, հալածվողների, բռնության ենթարկվածների և «մահվան ստվերի միջով» անցնող բոլորի համար։ Այն նրանց տոնն է, ովքեր անբեկանելի համոզումն ունեն, որ այս խավարի գբում գտնվելու արդյունքը Այգաբացն է լինելու, ովքեր իրենք իրենցով կրում են Այգաբացը։
Շնորհավորում եմ բոլորիդ այս խորհրդանշական տոնը։ Թող Սուրբ Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ Մուտքի տոնի խորհուրդն ու շնորհը առաջնորդի մեզ մեր կյանքի Լույսին ու Լույսի Հաղթանակին, քանի որ Հաղթանակն այլընտրանք չունի։

