Այսօր մենք նշում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մտնելու տոնը։ Առաջին հայացքից, այսօրվա մարդու համար «սոսկալի չարչարանքների և բանտարկության» ՏՈՆ հասկացությունը կարող է տարօրինակ թվալ։ Սակայն այս տոնի իմաստը շատ ավելի խորն է, քան պարզապես ցավի և տառապանքի հիշատակը։ Այն իմաստավորված է հստակ նպատակով՝ ճշմարտության և արդարության պաշտպանության համար։
Իհարկե, այս պատճառով էլ Սբ Գրիգոր Նարեկացին ցնծում է՝ «Արասցես տօն ինձ բերկրութեան զօրն իմ տագնապի»։ Եվ երկրորդ՝ այն ծառայեց մի ամբողջ ժողովրդի ազատությանն ու ազատագրությանը։ Ինչպես որ Հարության Հաղթանակին նախորդեց Խաչի խորհուրդը, այնպես էլ Սբ Գրիգորի չարչարանքները և բանտարկությունը դարձան Հայոց Մեծ Դարձի սկիզբը՝ դեպի Աստված ճանապարհորդության և նրա հետ Հաշտության։
Այսօրվա տոնի էությունը հասկանալու համար պետք է հասկանալ, որ ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի։ Առանց այն վճարելու, առանց զրկանքների, տառապանքի, զոհաբերության, հաստատ համոզումի, կամքի, հավատքի, հույսի և վերջապես սիրո զոհաբերական սիրո, այն ձրիաբար չի տրվի։ ԱՅՍ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԿԻԶԲԸ ԵՎ ԱՎԱՐՏԸ ՍԵՐՆ Է։ Այն սկսվում է սիրոց և ամփոփվում է սիրով դառնալով սիր Պսակը։ Ամուսնության պսակը, որը տառապանքի հետևում զավակն է, ազատագրության խորհուրդն է։
Այսօր իսկապես ՏՈՆ է՝ ոչ թե ցավի, այլ ազատության համար պայքարող բոլոր կալանավորվածների, հալածվողների, բռնության ենթարկվածների, ազատազրկվածների և «մահվան ստվերի միջով» անցնողների համար։ Հատկապես նրանց, ովքեր անբեկանելի և անքննարկելի համոզումն ունեն, որ այս խավարի գբում գտնվելու արդյունքը ԱՅԳԱԲԱՑՆ է լինելու, ովքեր իրենք իրենցով կրում են Այգաբացը։
Թող Սուրբ Լուսավորիչ Հայրապետի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ Մուտքի տոնի խորհուրդն ու շնորհը առաջնորդի մեզ մեր կյանքի Լույսին ու Լույսի Հաղթանակին, քանի որ Հաղթանակն այլընտրանք չունի։

