«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտարարել է իր նախընտրական ցուցակի զգալի կրճատման մասին։ Ընտրություններին կմասնակցի 27 թեկնածու։
Այս որոշումը կայացվել է երաշխիքային մեխանիզմ ստեղծելու նպատակով։ Կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը նշել է, որ այս քայլը համապատասխանում է կուսակցության նախապես հայտարարված դիրքորոշմանը՝ խորհրդարան անցնելու դեպքում 100 օրվա ընթացքում նոր ընտրություններ նախաձեռնելու մասին։
Ըստ Նինա Կարապետյանցի՝ կուսակցության ներքին համաձայնությամբ ընտրված 27 թեկնածուները կազմում են այն միջուկը, որը կարող է իրագործել կուսակցության ծրագրերը եւ, անհրաժեշտության դեպքում, մանդատները վայր դնել։ Այս գործընթացը փոխադարձ համաձայնությամբ է իրականացվում, եւ մյուս թեկնածուները կշարունակեն ակտիվ մասնակցել կուսակցության գործունեությանը՝ որպես համախոհներ եւ գործընկերներ։
Կուսակցությունը Հայաստանի պատմության մեջ առաջին քաղաքական ուժն է, որը հետեւողական է իր խոստումներում եւ պատրաստ է իր ծրագրի կյանքի կոչելու համար մանդատները վայր դնելու ռիսկը վերցնելու։ Այս քայլը նպատակ ունի երաշխավորելու, որ, եթե կուսակցությունը խորհրդարան անցնի, այն կկարողանա իրականացնել իր ծրագրերը՝ առանց երկարատև ձգձգումների։

