Այսօր Աշտարակում «Հայաստան» դաշինքի անդամների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիններից մեկը հայտնեց իր մտահոցությունը՝ կապված կրթական ծրագրերի փոփոխությունների հետ։ Նրա խոսքով՝ դպրոցական ծրագրից հանվել է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, ինչի կապակցությամբ նա հույս հայտնեց, որ այն կվերադառնա դպրոցական հիմնական առարկայացանկ։
Քաղաքացին նաև անդրադարձավ կառավարության կողմից մարզերում դպրոցների փակման ծրագրին, որի արդյունքում Արագածոտնի մարզից, իր խոսքով, պետք է փակվի 24 դպրոց։ Նա կրկին հույս հայտնեց, որ այդպիսի քայլեր տեղի չի ունենա, հիշեցնելով, որ իրենք ունեն «ուժեղ, կենսափորձով առաջնորդ՝ Ռոբերտ Քոչարյանը»։ Նա նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին ուսուցիչների աշխատավարձը բարձրացվել է վեց անգամ։
ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը քննադատեց կրթական ծրագրերը՝ նշելով, որ ընդունելու էլեկտրոնային դասագիրք, որտեղ արծարծվում է հայ ժողովրդի այս տարածաշրջանում եկվոր լինելը, «թշնամանքի ու ապազգայնության մակարդակ է»։ Նրա խոսքով՝ «Երբ ասում ենք կանխենք, հարյուր տոկոս պիտ փոխենք կրթական ու մշակութային քաղաքականությունը, դասագրքերը, պատմության դասագրքերը, որոնք ազգային-ազատագրական պայքարը դուրս մնաց։ Դրանք իրավունք չունեն լինելու դպրոցում։ Գործածությունից դուրս են շպրտվելու այդ դասագրքերը, պատմության դասագրքերը, որոնք խեղում են մեր ինքնությունը։ Եվ, բնականաբար, «Հայ եկեղեցու պատմությունը» մեր պատմությունն է, ինչպես եկեղեցու դեմ արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր պետականության և ժողովրդի դեմ է»։
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն իր հերթին նշեց, որ դպրոցների փակման ծրագիրը անկասկած կվերանայվի։ Նա հիշեցրեց, որ իր նախագահության օրոք կառուցվել է բազմաթիվ դպրոցներ, սակայն երբեք չէր մտածում, որ մի դպրոց կառուցելուց հետո չորսը պետք է փակվի։ Նրա խոսքով՝ 10 տարիների ընթացքում ուսուցիչների աշխատավարձը իսկապես բարձրացվել է վեցապատիկ, և այդ ժամանակ ոչ ոք չէր պահանջում անընդհատ դրա մասին խոսել։ «Մարդիկ չէին խոսում, որովհետև բա կառավարությունն ինչի՞ համար է, որ ժողովրդի կենսամակարդակը բարելավվի։ Եվ եթե կառավարությունը չգիտեմ ինչ է համարում, որ աշխատավարձը կամ թոշակը մի քիչ բարձրացրեց, օրուգիշեր դրա մասին պիտի խոսի, դա էսօրվա փորձն է, չի կարելի»։
Քոչարյանը նաև համեմատեց ներկայիս իրավիճակը իր մանկության հետ, ասելով․ «Երբ մի փոքր բան է անում պաշտոնյան և անընդհատ դրա մասին խոսում է, իմ մոտ հիշողությանս մեջ տատս է գալիս․ սեփական հայաթ ունեինք, հավ էր պահում, մի հավ կար, որ ձու էր ածում, էնքան կրթկրթում էր, գլխացավանք էր, տատս միշտ ասում էր՝ ձենդ կտրի, եղածը ինչ է, մի հատ ձու ես ածել, էլի»։

