Այսօր Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում տեղի ունեցած պատարագին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչպես տեղեկացնում են տեղի բնակիչները, մինչև վարչապետի այցը եկեղեցին լի էր հավատացյալներով, որոնք հավաքվել էին Գեղարքունյաց հոգևոր թեմի նորանշանակ առաջնորդ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանի առաջին պատարագին մասնակցելու համար։
Տեսանյութերի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը եկեղեցի է մտել ուշացած, մոմ է վառել և արագ հեռացել՝ չմիջամտելով պատարագի ընթացքին։
Պատարագը մատուցել է Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը, ով կատարել է կանոնական պատարագ՝ չզեղչելով Վեհափառի անունը։ Զրուցելով լրագրողների հետ՝ քահանան հայտնել է, որ նախապես տեղյակ չի եղել վարչապետի այցի մասին։ «Ինչպես, որ կարգն է, ես պատարագը կատարեցի՝ չզեղչելով Վեհափառի անունը», — ասաց նա՝ հրաժարվելով ցանկացած լրացուցիչ մեկնաբանությունից։
Նույն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանը նույնպես նշել է, որ պատարագի ընթացքում որևէ միջամտություն չի եղել։ «Չէի ասի, որ գաղափարից հրաժարվել է, բայց բոլորիս ցանկությունն է, որ լինի խաղաղություն և համերաշխություն», — ասաց նա՝ հավելելով, որ նրանք նույնիսկ տեղյակ չեն եղել վարչապետի այցի մասին, իսկ պատարագին ներկա էր նաև առաջնորդը։ Քահանան նաև հավելել է․ «Որևէ բան չի եղել իրենց կողմից, ամեն ինչ անցել է նորմալ մթնոլորտում»։
Այս իրադարձությունները տեղի են ունեցել այն պայմաններում, երբ վերջին շաբաթներ շարունակ հասարակության ուշադրությունը գրավել են իշխանությունների կողմից եկեղեցական գործիչների նկատմամբ հնչեցված մեղադրանքները։

