Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններԱնդրանիկ Թևանյանի գործը. ԿԸՀ-ն բավարարել է դատախազության միջնորդությունը, քննիչները պնդում են 622 հազար դոլարի դիմաց տրված գաղտնիքի մասին

Անդրանիկ Թևանյանի գործը. ԿԸՀ-ն բավարարել է դատախազության միջնորդությունը, քննիչները պնդում են 622 հազար դոլարի դիմաց տրված գաղտնիքի մասին

Ավանի նստավայրում ընթանում է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Իրավապահները գիշերը ձերբակալել են պատգամավորի թեկնածուին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) թույլտվությունից հետո։

ԿԸՀ-ն մոտ 9 ժամ տևած նիստից հետո բավարարել էր դատախազության միջնորդությունն ու զրկել Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից։ Դատախազությունը հայտնել էր, որ ԿԸՀ-ն բավարարել է ոչ միայն Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, այլև ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները։

Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով, մեղքը չի ընդունում և հետապնդումն է համարում քաղաքական։

Քննչականը, սակայն, հակադարձում է՝ ներկայացնելով տեղեկություններ, որ Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Ըստ իրավապահների, երկու տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենը, ով ըստ իրենց տվյալների օտարերկրյա գործակալ է, 622 հազար դոլարի դիմաց Թևանյանից ստացել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։

Դրանք վերաբերում են 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովի փակ, գաղտնի նիստին, որը կայացել էր հայ-ադրբեջանական սահմանազատման թեմայով։ Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված այդ նիստին մասնակցել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է, որ խոսքը վերաբերում է Ազգային ժողովի ապրիլի 9-ի փակ նիստին, որի սղագրությունն ի դեպ կա ԱԺ կայքէջում։ Փակ նիստը տեղի էր ունեցել ժամը 14։30-ից մինչև 17։00-ն, և քննարկվում էր հայ-ադրբեջանական սահմանազատման, սահմանագծման հետ հապված հարցը։

Պատգամավորը նաև հիշեցրել է, որ նիստի ընթացքում, երբ խոսքը դարձավ փակ նիստ անելու մասին, նա միջամտել էր՝ նշելով, որ եթե նիստը փակ է, ապա բջջային հեռախոսները ի՞նչ գործ ունեն նիստերի դահլիճում։ Առաջարկը ընդունվեց, և բոլորի հեռախոսները հավաքեցին։ Նիստի ավարտից հետո բոլորը սկսեցին հարցեր տալ՝ ինչո՞ւ այս նիստը փակ արվեց։ Ըստ Գեղամ Մանուկյանի՝ Պարոն Ռուստամյանը խոսեց սահմանազատման, սահմանագծման մասին, իսկ ինքն էլ հայտարարեց, որ ՔՊ-ն այդ նիստում որևէ գաղտնի տեղեկություն չի հրապարակել։

Պատգամավորը նշել է, որ մամուլում եղած հրապարակումները հավանաբար այս իշխանությունների համար հույժ գաղտնի տեղեկություններ են համարվում։ Նա նաև նշել է, որ եթե Հայաստանում գաղտնիքի բացահայտման նախադեպ կա, ապա ամենամեծ գաղտնիք բացահայտողը Նիկոլ Փաշինյանն է եղել, որի 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ֆեյսբուքյան էջում հրապարակած տեղեկությունները, այդ թվում՝ ադրբեջանական զորամիավորման շրջափակման օպերացիայի մանրամասները, համարվում են գաղտնիքի բացահայտում։

Թևանյանի փաստաբանը հայտնել է, որ քննիչները անգամ չեն էլ պնդում, որ գաղտնիք է հրապարակվել, քանի որ այդպիսի գաղտնիք չկա։

Tags:
Share:

Առնչվող գրառում