Հաղթանակ զբոսայգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը քաղաքական վստահության խնդրին անդրադառնալով առաջարկեց համեմատության տեսանկյունից դիտարկել իշխանությունների ներկայացուցիչների անցյալը և իրենց ապագա ծրագրերը։
Նրա խոսքով, երբ կուսակցության անդամները այցելում են տարբեր համայնքներ, հաճախ հանդիպում են այն կարծիքին, որ քաղաքական գործիչների նկատմամբ վստահության բացակայության ռացիոնալ պատճառ կա՝ կապված նախկինում տրված խոստումների կատարման հետ։
«Այդ դեպքում մենք առաջարկում ենք ոչ թե անցյալի վրա կանգնել, այլ անցյալը համեմատել ապագայի հետ։ Ի՞նչ ճանապարհ են անցել մարդիկ, և ի՞նչ փոփոխություն են նրանք կատարելու»,- նշեց Նարեկ Կարապետյանը՝ իր խոսքը նկարագրելու համար օգտագործելով երկու խորհրդանշական պատկեր։
Նա բացատրեց, որ այսօրվա Հայաստանի խորհրդանիշը, իր կարծիքով, մուրճն է։ «Սա այսօրվա Հայաստանն է՝ ժողովրդին սպառնալը, նստեցնելը»,- ասաց նա՝ նշելով, որ այս խորհրդանիշը «ճոճվում է ժողովրդի վրա»։
Իսկ «Ուժեղ Հայաստանի» կուսակցության խորհրդանիշը, ըստ նրա, բահն է։ «Բահը շինարարության, կառուցելու մասին է։ Մեր երկրում հողատարածքների կեսը՝ 200 000 հեկտարը, անտեր է։ Ութ տարում 40 000 հեկտարն անտեր է մնացել։ Վաղվա Հայաստանը, ուժեղ Հայաստանը ծաղկացնելու է այդ հողերը, այդ գյուղերը կառուցելու է»,- եզրափակեց նա։

