Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններՀայաստան-Իրանական գործընկերությունը՝ կայունության հիմնաքարը տարածաշրջանում

Հայաստան-Իրանական գործընկերությունը՝ կայունության հիմնաքարը տարածաշրջանում

Վերջին օրերի լարված իրադարձությունների ֆոնին ցանկանում եմ կենտրոնանալ ամենակարևորի վրա։ Իրանի և Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված ժամանակավոր հրադադարի համաձայնությունը կարևոր քայլ է՝ ուղղված տարածաշրջանային լարվածության նվազեցմանը և հնարավոր էսկալացիաների կանխմանը։ Սակայն այս իրադարձության իմաստը շատ ավելի խորքային է։ Այն ապացուցում է, որ Իրանի ժողովուրդը հերթական անգամ ցույց է տվել իր անզուգահատելի դիմակայունությունը։ Որևէ արտաքին ճնշում ի զորու չէ կոտրելու նրա ներքին ուժը, պետությունը, ազատությունը և ազգային շահերը պաշտպանելու վճռականությունը։ Հենց նման ժողովուրդներն են ձևավորում պետությունների իրական դիմադրողականությունը և պայմանավորում ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։

Օրեր առաջ ինձ համար մեծ պատիվ էր հյուրընկալելու Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Մեր հանդիպումը տեղի ունեցավ բաց, անկեղծ և բովանդակային մթնոլորտում։ Մենք խորը քննարկեցինք տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերը՝ Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունից մինչև հայ–իրանական ռազմավարական համագործակցության խորացման հեռանկարները՝ հատկապես աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում։ Այս մակարդակի դիվանագետի նշանակումը Երևանում հստակ ազդակ է, որ Իրանը իր արտաքին քաղաքական առաջնահերթություններում առանձնահատուկ տեղ է հատկացնում հայկական ուղղությանը։

Այսօր, երբ տարածաշրջանը կանգնած է լուրջ մարտահրավերների, արտաքին ճնշումների և ուժերի հավասարակշռությունը վերաձևելու փորձերի առաջ, Իրանի դերը՝ որպես կայունության առանցքային գործոններից մեկը, ստանում է առավել կարևոր նշանակություն։

Ուրախությամբ ուզում եմ նշել նաև, որ իմ լավ բարեկամը՝ Հայաստանում Իրանի նախկին դեսպան Մեհդի Սոբհանին, նշանակվել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։ Սա նրա բարձր պրոֆեսիոնալիզմի և հայ–իրանական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման արժանի գնահատականն է։ Վստահ եմ՝ նա նոր պաշտոնում ևս կշարունակի ամրապնդել փոխադարձ հարգանքի և ռազմավարական գործընկերության վրա հիմնված օրակարգը։

Հայ–իրանական հարաբերությունները ավելին են, քան պարզապես դիվանագիտական կապերը։ Սա հարաբերություն է, որը խարսխված է դարավոր պատմական կապերի և ժողովուրդների արժեքային ընդհանրության վրա։ Մեզ միավորում է ոչ միայն աշխարհագրությունը, այլև հիմնարար շահերի համընկնումը՝ անվտանգության, ինքնիշխանության և տարածաշրջանային հավասարակշռության պահպանման հարցերում։ Այս հարաբերությունները անցել են ժամանակի և փորձությունների միջով և ապացուցել իրենց կենսունակությունը։ Եվ հենց այդ պատճառով էլ դրանք ուղղված են դեպի ապագա։

Իրանում հայկական համայնքը շարունակում է կարևոր կամուրջ լինել մեր ժողովուրդների միջև՝ լինելով Իրանի հասարակական կյանքի լիարժեք և ինտեգրված մաս, միաժամանակ պահպանելով իր ազգային ինքնությունը։

Չնայած առկա ճնշումներին՝ ակնհայտ է, որ Իրանը թևակոխել է մի փուլ, որը հեռանկարում միայն ուժեղացնելու է նրա ազդեցությունն ու դերը տարածաշրջանում։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ քաղաքակրթական ամուր հիմք և ներքին դիմակայունություն ունեցող պետությունները ոչ միայն հաղթահարում են ճգնաժամերը, այլև դրանցից դուրս են գալիս առավել ուժեղացած։

Հետևաբար, Հայաստանը պետք է ոչ միայն պահպանի հայ–իրանական համագործակցության ներկայիս մակարդակը, այլև այն հետևողականորեն խորացնի, վերաիմաստավորի և բարձրացնի երկարաժամկետ ռազմավարական գործընկերության աստիճանի։

Վերջապես, միայն ուժեղ և ինքնիշխան պետությունների գոյության պայմաններում է հնարավոր ձևավորել կայուն և անվտանգ տարածաշրջան։ Եվ Հայաստանը և Իրանը հենց այդպիսի պետություններ են։ Հայ–իրանական գործընկերությունը պետք է դառնա կայուն ռազմավարական դաշինքի օրինակ, որտեղ համընկնում են պետությունների շահերը և ժողովուրդների արժեքները։

Tags:
Share:

Առնչվող գրառում