ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնել է Իրանի առաջարկին և երկու շաբաթով դադարեցնում է Իրանի վրա հարվածները։ Այս մասին նա գրել է իր սոցիալական ցանցերի էջում։
Հրադադարի պայմաններում Իրանը պետք է բացի Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի և հեղուկացված բնական գազի մոտ 20 տոկոսը։
Նախագահ Թրամփը նշել է, որ Իրանից ստացել է «10 կետից բաղկացած առաջարկ», որը համարում է «բանակցությունների համար աշխատանքային հիմք»։ Նա նաև հավելացրել է, որ այս երկշաբաթյա ժամկետը անհրաժեշտ է վերջնական համաձայնության տեքստը համաձայնեցնելու համար։
Իրանի կողմից հրադադարի մասին հայտարարությունն ուղեկցվեց նավարկության վերականգնման հաստատմամբ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծել է, որ նավարկությունը հնարավոր է դարձել «Իրանի զինված ուժերի հետ համակարգմամբ և տեխնիկական սահմանափակումները պատշաճ հաշվի առնելով»։
Այս հրադադարի մասին հայտարարությունն արվում էր Թրամփի վերջնագրի ժամկետի ավարտից ընդամենը մեկ ժամ առաջ, երբ նախագահը սպառնացել էր, որ եթե Իրանը չապաշրջափակի նեղուցը, Միացյալ Նահանգները կհարվածեն երկրի քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Պակիստանը, որը միջնորդի դեր էր ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի միջև, հրապարակայնորեն հայտարարել էր, որ կողմերին փոխանցել է խաղաղության առաջարկը, ըստ որի Վաշինգտոնը պետք է երկու շաբաթով դադարեցներ ռմբակոծությունները, իսկ Թեհրանը՝ բացեր նեղուցը։
Հրադադարի մասին տեղեկությունները արձագանքել են նաև ֆինանսական շուկաներում։ Ըստ հաղորդումների՝ ապրիլի 8-ի առավոտյան նավթի գները համաշխարհային շուկաներում արժեզրկվել են մինչև 14%-ով՝ հասնելով 96 դոլարի մեկ բարելի համար։
Այս իրադարձությունները տեղի են ունենում այն պահին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից շարունակում են ավիահարվածներ հասցնել Իրանի տարածքին, իսկ Իրանը՝ հարվածներ Իսրայելին և Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։

