ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն համաձայնել է երկշաբաթյա հրադադար հաստատել Իրանի հետ՝ որպես բանակցությունների սկզբնական պայման։ Այս մասին նա գրել է իր Truth Social սոցցանցում՝ նշելով, որ Թեհրանը նույնպես պետք է հետևի այդ պայմանին։
Հրադադարի մասին որոշումը կայացվել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի և Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ հանդիպումների արդյունքում։ Պակիստանը առաջարկել էր երկու շաբաթով երկարաձգել ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնագրի կնքման ժամկետը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը հաստատել է, որ Թրամփը ծանոթացել է Պակիստանի առաջարկին։
Այս հրադադարի շրջանակում Իսրայելը նույնպես համաձայնել է դադարեցնել իր ռազմական գործողությունները Իրանի դեմ։ Ըստ Սպիտակ տան ներկայացուցչի՝ Իսրայելը պայմանավորվել է կամ բացել Հորմուզի նեղուցը, կամ դադարեցնել ռմբակոծումները՝ մինչև բանակցությունների սկիզբը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում։ Այս հարվածների հետևանքով զոհվել են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։
Ի պատասխան այդ հարվածներին՝ Իրանը մարտի 1-ից սկսել է հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։

