ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում, սակայն միաժամանակ սպառնացել է Իրանին՝ պահանջելով հրադադար և Հորմուզի նեղուցը բացել։
Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահը պատասխանել է լրագրողի հարցին՝ կապված Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների հետ։ Նա նշել է, որ Իրանի իշխանությունները, իր խոսքով, «սպանում են համասեռամոլներին» և «նետում շենքերից», ինչի հետևանքով Իրանի քաղաքացիները ցանկանում են, որ ԱՄՆ-ն շարունակի ռմբակոծել։
Թրամփը հստակ հայտարարել է, որ եթե Թեհրանը չհասնի հրադադարի համաձայնագրի և չբացի Հորմուզի նեղուցը, ապրիլի 7-ին «Իրանում յուրաքանչյուր կամուրջ և յուրաքանչյուր էլեկտրակայան կոչնչացվի մինչև կեսգիշեր»։ Նա նաև հավելացրել է, որ վերջնաժամկետից հետո ԱՄՆ-ն կունենա չորս ժամ՝ Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացնելու համար։
ԱՄՆ նախագահը նշել է, որ բանակցություններին մասնակցում են նաև փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։ Նրա խոսքով՝ «իրանական կողմից կան մարդիկ, ովքեր հետաքրքրված են Վաշինգտոնի հետ գործարքով»։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն իր հերթին հայտարարել է, որ ապրիլի 6-ին ԱՄՆ-ը կսկսի գործողության սկզբից ի վեր Իրանի վրա ամենահզոր հարվածները, իսկ ապրիլի 7-ին այդ հարվածները կլինեն ավելի ուժեղ։

