Առավոտյան ժամերին ԲՀԿ-ի պատգամավորության թեկնածուների բնակարաններում և աշխատավայրերում տեղի ունեցած խուզարկությունները, որոնք իրականացվում են դիմակավորված անձանց կողմից, ակնհայտորեն ցույց են տալիս իշխանությունների կողմից ընդդիմադիր ուժի դեմ իրականացվող համակարգված հարձակումը։ Այս գործողությունները տեղի են ունենում երեկ Գյումրիում կայացած մեր հանդիպումներից հետո, որոնք հավաքագրել են հազարավոր քաղաքացիների։
Այս իրադարձությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանի վարքագիծը և հայտարարությունները դառնում են իշխանության խուճապի ամենաակնհայտ ապացույցը։ Նրա անհանգիստ և անհավասարակշիռ պահվածքը, որը ներառում է անհիմն մեղադրանքներ և անձնական բնույթի վիրավորանքներ, խոսում է միայն մեկ բանի մասին՝ իշխանության խուճապի և անկայունության մասին։
Այս ամբողջ ընթացքում ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, միակն է, որ չի ներկայացնում ծրագրային բովանդակություն, այլ իր քարոզարշավը կառուցում է փողոցային բառապաշարով ընդիմախոսներին հարձակվելու և նրանց անվանն ավերածությունների հրահրելու վրա։
Ես, որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, հստակ կուզենայի նշել, որ մեր կուսակցությունը ունի երկար տարիների պատմություն և քաղաքական ճանապարհ, որը միշտ ուղղված է եղել պետության, հայրենիքի և ժողովրդի շահերի պաշտպանությանը։ Մեր նախագահ Գագիկ Ծառուկյանի գործունեությունը միշտ ծառայել է հայկական շահի պաշտպանությանը՝ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային հարթակներում։
Հիշեցնեմ, որ մեր կուսակցությունը տարիներ շարունակ ունի համագործակցության հուշագրեր արտերկրի մի շարք քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության և Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ։ Գագիկ Ծառուկյանը անցյալում բերել է Շուրջ երեք տասնյակ եվրոպացի պատգամավորների Հայաստան և Արցախ՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ Արցախը գոյություն ունի, որ այնտեղ ապրում են մարդիկ, և որ այն պարզապես «պատերազմի գոտի» չէ։ Այս համագործակցությունները միշտ ծառայել են միայն մեկ նպատակի՝ բարձրացնելու Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում և պաշտպանելու հայկական շահերը։
Մենք միանշանակ ենք մեր դիրքորոշման մեջ․ որևէ բռնաճնշում, որևէ հալածանք և որևէ քաղաքական հետապնդում չի կարող ազդել մեր քաղաքական ուղեգծի վրա։ Մենք միշտ պաշտպանել ենք և շարունակելու ենք պաշտպանել հայկական շահը և Հայաստանի Հանրապետության իրական պետական շահերը։
Այսպիսով, մենք տեղի ունեցողը գնահատում ենք որպես նպատակային և համակարգված հարձակում ընդդիմադիր քաղաքական ուժի և պատգամավորության թեկնածուների դեմ՝ նախընտրական գործընթացների ամենաթեժ փուլում։
Մենք հրավիրում ենք միջազգային կառույցների, մեր երկրում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող պաշտոնյաների, դիտորդների ուշադրությունը այս հակաօրինական գործընթացների վրա։ Եթե դուք չեք տեսնում, կամ չտեսնելու եք տալիս այս խայտառակ իրողությունները, երբ Նիկոլ Փաշինյանը անգամ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ է հնչեցնում ընդդիմության առաջնորդների նկատմամբ, ուրեմն դուք ոչինչ չեք տեսնում։

