Արցախի կորուստը և հայկական պետության անվտանգությանը սպառնող մշտական ճգնաժամը հանրության մտածողության մեջ արմատապես փոխել են առաջնահերթությունները։ Երկար տարիներ հասարակությանը համոզում էին, որ երկրի գլխավոր դժբախտությունը կոռուպցիան է, և եթե այն վերացվի, մարդիկ կապրեն ավելի լավ։ Անվտանգության հարցը մղվել էր երկրորդ պլան, քանի որ հասարակությունը չէր զգում անմիջական գոյաբանական վտանգ։ Սակայն այսօր, երբ պետությունը կանգնած է գոյաբանական խնդրի առաջ, քաղաքացին առաջին հերթին հարցնում է ոչ թե՝ «ով ինչքան է գողացել», այլ՝ «ով կարող է պաշտպանել երկիրը»։
Հենց այստեղ է տեղի ունենում քաղաքական ընկալումների վերափոխումը։ Տարիներ շարունակ հասարակությանը ներկայացվել էր, որ Ռոբերտ Քոչարյանը «բոբո» է, անցյալի խորհրդանիշ, որից պետք է վախենալ։ Սակայն երբ անվտանգությունը դառնում է գլխավոր պահանջ, մարդիկ սկսում են անցյալին նայել այլ տեսանկյունից։ Նրանք համեմատում են ոչ թե քարոզչական պիտակները, այլ արդյունքները։ Եվ այդ համեմատության մեջ շատերի համար Քոչարյանը սկսում է ասոցացվել ոչ թե վախի, այլ ուժեղ պետության, կայունության և կոշտ ղեկավարության հետ։ Փաշինյանն ասոցացվում է վախի, Քոչարյանը՝ ուժի հետ։
Այս փոփոխությունը տարածվում է նաև այլ անձանց վրա։ Մարդիկ մի կողմ են դրել իրենց ողջ հարստությունը և մտնում են Փաշինյանի ստեղծած փոթորկի բերան։ Դրա համար էլ այսօր Քոչարյանի շուրջ համախմբվողների թիվը պայմանավորված չէ միայն քաղաքական համակրանքով։ Շատերի համար դա անվտանգության պահանջ է։ Մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ նրա կառավարման տարիների մասին, բայց եթե համոզված են, որ նա ավելի արդյունավետ կարող է պաշտպանել երկրի շահերը, ապա նախկինում ստեղծված «բոբոյի» կերպարը դադարում է աշխատել։
Քաղաքականության մեջ հասարակությունը միշտ ընտրում է այն առաջնորդին, որը, իր պատկերացմամբ, կարող է լուծել տվյալ ժամանակի գլխավոր խնդիրը։ Եթե 2018 թվականին գլխավոր պահանջը արդարությունն էր, որն այդպես էլ չլուծվեց, ապա այսօր գլխավոր պահանջը անվտանգությունն է։ Եվ հենց այդ փոփոխությունն է, որ «նախկինների թալանի» թեման դարձնում է անարդյունավետ, իսկ ուժեղ առաջնորդի պահանջարկը՝ ավելի ակնհայտ։

