Եթե ասեմ, որ քարոզարշավի մասնակից բոլոր ուժերի առաջնորդներն այս պահին բանտում կլինեին, եթե իրենց թույլ տային այնպիսի արտահայտություններ ու շարժումներ, ինչն իրեն թույլ է տալիս ՀՀ, այսպես կոչված, վարչապետ Փաշինյանը, դա պետական գաղտնիք հրապարակելը չէ։ Չկա մեկ ամբողջ իրավապահ համակարգում, որ բռնի սանձարձակի ձեռքը, մինչդեռ ողջ իրավապահ համակարգը, ականջները սրած, հետեւում է, թե որ ընդդիմադիր գործիչը կսխալվի ու մի ոչ այնքան հաճելի պիտակ կմեխի Փաշինյանի ճակատին, որ հասնեն, բռնեն, խուզարկեն, քրքրեն, գործ սարքեն մարդու գլխին։
Ասել, որ բոլորի համար հավասար պայմաններ են ստեղծված՝ իրենց ծրագրերն ընտրողին ներկայացնելու համար, նշանակում է հիմարություն դուրս տալ։ Նիկոլի գլխավորած թիմը՝ ՔՊ-ն, բավական չէ որեւէ ծրագիր չունի, մի բան էլ ողջ պետությունն է ներքաշել մի ախմախության մեջ, որը կոչվում է քարոզարշավ։ Եթե ԱՄՆ-ում կամ որեւէ եվրոպական երկրում իմանային, որ տվյալ թեկնածուն, անգամ գործող նախագահը կամ վարչապետը, պետական միջոցներ է մսխում սեփական քարոզատռճիկը ֆինանսավորելու համար, երկու րոպեում կձերբակալեին ու դուրս կհրավիրեին քարոզարշավից։
Բայց դուք տեսեք, թե ինչ է կատարվում Հայաստանում։ ՔՊ-ի տրամադրության տակ է հայտնվել մի ողջ պետություն՝ իր բոլոր միջոցներով՝ սկսած բյուջեից եւ վերջացրած քյաշ փողով։ Եթե սա նորմալ է, ասեք՝ նորմալ է։
Տեսե՞լ եք դրանց շտաբները… Կարո՞ղ եք պատուհանից ներս նայել։ Բացառված է։ Բոլոր ապակիներին Նիկոլի սրտիկով նկարն է ու լոզունգը։ Ո՞վ կա ներսում, ինչո՞վ են զբաղված, ի՞նչ են տալիս ու առնում՝ ոչ ոք չգիտի, բայց թաղապետի կամ գյուղապետի ավտոն առավոտից իրիկուն այդ «շտաբի» առաջ ցցված է։ Գնում ես թաղապետարան՝ թաղապետը տեղում չէ, մարզպետարան՝ մարզպետը տեղում չէ, նախարարություն՝ նախարարը տեղում չէ, հարցնում ես՝ բա ո՞ր ջանդամն են, ասում են՝ գնացին շտաբ։ Խելքի աշեցեք… Մարդիկ պետությունը թողել՝ ՔՊ-ի շտաբ են գնացել։ Բա ի՞նչ կանեն, Նիկոլը միլիոնանոց պարգեւակաշառքները բիրիքով է տվել, պիտի աշխատե՞ն, թե՞ չէ։
Ո՞ւմ հետ են աշխատում պետական պաշտոնյաները… Նախկինում թոշակառուները շտաբներից տուն չէին գնում։ Մեկ հատիկ թոշակառու չես տեսնի այսօր ՔՊ-ի շտաբի առաջ։ Թոշակառուներին էլ են բիրիքով առել՝ բյուջեից։ Հպարտներ ջան, 10 հազարն ու «քեշբեքը» ստացա՞ք։ Դե գնացեք ծախսեք ու փառք տվեք Նիկոլի կառավարությանը, որ դեռ «կենդանի եք» ու չեք «սատկել»։
Սրտառուչ է տեսնել, թե ինչքան բարեկամասեր են ՔՊ-ի շտաբներում լռված պետական պաշտոնյաները։ Սրանց հորեղբոր տղաները, փեսաներն ու աներձագները մեղվի պես ներսուդուրս են անում, ցուցակ բերում, ցուցակ տանում… դրա համար էլ ջոկ են վճարվում։ Ո՛չ ահ ունեն, ո՛չ դող։ Ո՞վ է բռնելու նրանց ձեռքը, ոստիկա՞նը… Ոստիկանը մի քանի քայլի վրա է, ու թող փորձի մեկն այս երեւույթի դեմ բողոքի։ Կտանեն բանտ, այնտեղից՝ հոգեբուժարան ու մի տխուր հաղորդագրություն կտարածեն, որ քաղաքացին բժիշկների ձեռքերում ինքնասպան եղավ։

