Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններՀարավային Կովկասը՝ աշխարհաքաղաքական խաղի հանգույց, ոչ թե նախընտրական քարոզչություն

Հարավային Կովկասը՝ աշխարհաքաղաքական խաղի հանգույց, ոչ թե նախընտրական քարոզչություն

Իրականում, ԱՄՆ սենատոր Մարկո Ռուբիոյի այցը Հարավային Կովկաս, և հատկապես Հայաստան, ոչ թե Հայաստանի ներքաղաքական օրակարգի կամ Նիկոլ Փաշինյանի իշխանություններին քաղաքական աջակցություն ցուցաբերելու նպատակով էր կազմակերպվել։ Այն ավելի խորքային և լայն աշխարհաքաղաքական նպատակներ ունի, որոնք կապված են ԱՄՆ-ի գլոբալ ռազմավարական շահերի հետ տարածաշրջանում։

Այցի հիմնական նպատակները, որոնք ակնհայտորեն հետևում են, բազմաթիվ են և ծավալուն։ Դրանք ներառում են ԱՄՆ ռազմավարական ներկայության արագ ամրագրումը տարածաշրջանում, TRIPP նախագծի (Trans-Caspian International Transit Route Project) քաղաքական և իրավական ամրապնդումը, կրիտիկական միներալների մատակարարման շղթաների վերահսկման ընդլայնումը, Հարավային Կովկասի ինտեգրումը արևմտյան աշխարհատնտեսական համակարգին՝ Իրանի և Ռուսաստանի շրջանցմամբ նոր միջանցքային ճարտարապետության ձևավորումը և, վերջապես, Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարության սահմանափակումը։ Եվ միայն այս ամենի ավարտին՝ որպես երկրորդական նպատակ, նկատվում է Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ որոշակի քաղաքական աջակցության ցուցադրում՝ ընտրություններից առաջ։

Այս հանգամանքը հստակ դրսևորվում է այցի ձևաչափով։ Եթե առաջնային նպատակը հենց քաղաքական «սատարումը» լիներ, ապա դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ պետքարտուղարը կսահմանափակվեր օդանավակայանային ձևաչափով հանդիպումներով և կգտնվեր Հայաստանում ընդամենը մոտ 40 րոպե՝ առանց լիարժեք պետական այցի արարողակարգի, խորքային քաղաքական շփումների և նույնիսկ վարչապետի հետ հանդիպման։ Սա ինքնին շատ խոսուն քաղաքական ազդակ է, որը ցույց է տալիս, որ Վաշինգտոնի համար այս փուլում առաջնայինը ոչ թե Հայաստանի ներքաղաքական ճակատագիրն է, այլ՝ տարածաշրջանային աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության արագ ամրագրումը։ Իսկ Հայաստանի իշխանությունները տվյալ գործընթացում դիտարկվում են որպես այդ ռազմավարության իրականացման ներկայիս գործառնական գործընկեր։

Այլ կերպ ասած, Հարավային Կովկասում այսօր ընթանում է շատ ավելի մեծ խաղ, քան սովորական նախընտրական քարոզչությունն է։ Տարածաշրջանը վեր է ածվում համաշխարհային ուժային բախման, աշխարհատնտեսական նոր միջանցքների, էներգետիկ վերահսկողության և գլոբալ վերադասավորումների կարևոր հանգույցի։ Եվ հենց այս պատմական ու չափազանց վտանգավոր փուլում մեր հայրենակիցները պետք է պատասխան տան ամենակարևոր հարցին․ արդյո՞ք Հայաստանի ներկայիս իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը ունակ են նման բարդ աշխարհաքաղաքական պայմաններում հմտորեն, սառնասրտորեն և պետական մտածողությամբ կառավարել երկրի ղեկը։ Արդյո՞ք նրանք կարող են պաշտպանել Հայաստանի շահը մի իրականության մեջ, որտեղ մեծ պետությունները պայքարում են ոչ թե հայտարարությունների, այլ միջանցքների, ռեսուրսների, ազդեցության գոտիների և ռազմավարական վերահսկողության համար։

Պետությունը չի կարող անվտանգ անցնել պատմական այսպիսի փոթորկի միջով՝ պատահական որոշումներով, իրավիճակային քաղաքականությամբ և արտաքին ուժերի օրակարգերին հարմարվելու տրամաբանությամբ։ Այս փուլում Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե հերթական քարոզչական կառավարումը, այլ պետական մտածողություն, փորձ, հաշվարկ և ազգային պատասխանատվություն։

Դավիթ Անանյան
«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու

Tags:
Share:

Առնչվող գրառում