Այսօր Երևանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Արշիլ Գորկի. Նյու Յորք — Երևան. նոր ձեռքբերում» ցուցահանդեսի բացումը, որի հիմնական իրադարձությունը աշխարհահռչակ ամերիկահայ նկարչի «Անվերնագիր» (1944 թ.) գրաֆիկական աշխատանքի պետական հավաքածուին միացումն է։
Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ, արվեստագետներ և հյուրեր։
Հանդիսավոր բացմանը ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը շնորհավորեց բոլորին այս կարևոր իրադարձության կապակցությամբ։ Նա նշեց, որ այս գործողությունը Կառավարության կողմից իրականացվող քաղաքականության մաս է, որի նպատակն է հայկական արվեստի և մշակութային ժառանգության կենտրոնը Հայաստանի Հանրապետություն դարձնելը։
«Մենք շատ ենք խոսում այն մասին, որ պետությունը պետք է հայկական կյանքի առանցքը լինի։ Իրականում, պատմության ընթացքում հայկական իրականության կենտրոնը տարբեր վայրերում է եղել՝ Մադրաս, Ստամբուլ, Թբիլիսի, Վենետիկ և այլն։ Այսօր մենք հստակ հռչակում ենք, որ հայկական կյանքի և մշակույթի կենտրոնը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը», — նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ սա ժամանակավոր միջոցառում չէ, այլ երկարաժամկետ, հիմնարար փոփոխություն։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնել է Հայաստանում աշխատող բոլոր քաղաքացիներին, ովքեր հարկեր են վճարում, քանի որ հենց նրանց հարկային վճարումների շնորհիվ է հնարավոր եղել 30,978,000 դրամով ձեռք բերել և Հայաստան բերել Արշիլ Գորկու այս անգին արժեք ունեցող աշխատանքը։
Այս գործողությունը իրականացվել է 2025 թվականի թանգարանային հավաքածուների համալրման ծրագրի շրջանակներում, որի համաձայն, «Մշակույթի զարգացման» հիմնադրամը դիտանցումներ էր կատարում միջազգային աճուրդային տների կողմից վաճառքի ներկայացվող արժեքների ցանկերում։ Sotheby’s աճուրդային տանը ներկայացված աշխատանքի մեկնարկային գինը 45,000 եվրո էր, իսկ ակնկալվող առավելագույնը՝ 70,000 եվրո։

