Որպեսզի հասկանանք, թե ինչպիսի իշխանության հետ ենք գործ ունենք, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի աննշան, բայց խոսուն փաստի վրա։ Երեկվանից Երևանի փողոցներում և պետական հիմնարկներում տեղադրվել են զինտեխնիկայի նմուշներ, իսկ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ պահանջելով մինչև ռազմական շքերթը չնկարահանել այդ տեխնիկան։
Սա մի փոքրիկ, բայց բացահայտում է իշխանության մտածելակերպը։ Կարելի է պատկերացնել, որ մի փակ սենյակում 10 հոգանոց հավաք են անում, որտեղից մեկը վիդեո է հանում։ Ի՞նչպես է հնարավոր, որ զորավար Սուրեն Պապիկյանը կարող է արգելել միլիոնանոց քաղաքի բնակիչներին նկարահանել քաղաքի փողոցներում կանգնած զինտեխնիկան։
Այս արգելքի իմաստը ի՞նչ է։ Եթե մի ժամից ինքներդ եք նկարահանում, ապա ինչու՞ պետք է արգելել մյուսներին։ Ինչևէ, եթե ցանկացեիք կանխել բոլոր նկարահանումները, պետք է ամեն մեքենայի կողքին պահակ նշանակել, ինչը, իհարկե, անիրագործ է։ Բացի այդ, մարդիկ կարող են նկարահանել շենքերի պատշգամբներից, ավտոմեքենաներից, ցանկացած վայրից։
Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունը գոյություն ունի որպես բուտաֆորիա, որը ոչինչ չի փոխում մեր երկրի պաշտպանունակության իրականության մեջ։ Նրանց հրահանգները միշտ թղթի վրա են մնում, իսկ իրականում ոչ մի գործնական նշանակություն չունեն։
Ինչ վերաբերում է այս ռազմական շքերթին, որը ավելի շատ թատրոն է, քան իրականություն։ Շարքային քաղաքացին շատ բան չի հասկանում, թե ինչ զենքեր են հանել ցուցադրության, դրա համար էլ պետք են հատուկ գիտելիքներ։ Եթե այս զենքը կարող է ապահովել մեր երկրի պաշտպանությունը՝ ոչ թե հարձակվել, այլ թույլ չտալ թշնամու զորքի առաջխաղացումը, ինչո՞ւ է իշխանությունը մարդկանց սարսափեցնում պատերազմի անորոշ վտանգներով։ Թե՞ որ Նիկոլ Փաշինյանը չընտրվի, այս զենքը կանհետանա, կտանեն իրենց տները, կտանեն թշնամուն։
Հիշում եմ, որ նախընտրական փուլում Փաշինյանը իր ողջ «զինանոցը» դուրս էր բերել՝ թոշակը 10 հազար դրամով բարձրացնել, 65-ից բարձր տարիքի մարդկանց անվճար վիրահատություններ, մակրոնների ու ռուբիոների այցելություններ։ Լուրեր էին պտտվում, որ հայ-թուրքական սահմանը կբացվի, Մարգարայից մեքենաներով կանցնեն ցուցադրաբար, գերիների խումբ կվերադառնա։ Սակայն պարզվեց, որ Էրդողանն ու Ալիեւն այդքան շռայլ չեն ու Նիկոլի վերընտրվելը չէր նրանց հիմնական նպատակը։ Նրանք միայն ռազմական շքերթի թույլտվություն կարողացան ստանալ, և դա էլ՝ վախվորած ու սահմանափակումներով։ Այսպիսով, ստացվում է, որ ոչ թե շքերթ են անում, այլ հաշվետվություն, որտեղ նույնիսկ լուսանկարելն է արգելված։

