Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններԻնչպե՞ս հասկանալ, որ ունեք քթային դժվարաշնչություն, և որքանո՞վ են վտանգավոր ադենոիդները, պոլիպները, քթի միջնապատի դեֆորմացիաները։

Ինչպե՞ս հասկանալ, որ ունեք քթային դժվարաշնչություն, և որքանո՞վ են վտանգավոր ադենոիդները, պոլիպները, քթի միջնապատի դեֆորմացիաները։

Քթային դժվարաշնչությունը, որը բնութագրվում է օդի բավարարության զգացողության բացակայությամբ, հաճախ հանդիսանում է այլ հիվանդությունների ախտանիշ, այլ ոչ թե առանձին հիվանդություն։ Այն կարող է առաջանալ ստորին շնչուղիների պաթոլոգիաների (օրինակ՝ բրոնխիալ ասթմա), սրտային անբավարարության կամ քթի տարբեր խնդիրների հետևանքով։

Քթային դժվարաշնչության ամենատարածված պատճառներից են քթի միջնապատի դեֆորմացիաները, խեցիների հիպերտրոֆիաները (մեծացումը), ադենոիդները և քթի պոլիպները։

Քթի միջնապատի դեֆորմացիա․ պատճառներն ու ախտանշանները

Քթի միջնապատի դեֆորմացիաները կարող են առաջանալ տարբեր պատճառներով։ Տրավմատիկ պատճառները հաճախ հանդիպում են, սակայն բուժառուները հաճախ զարմանում են՝ չունենալով տրավմայի հիշողություն։ Դրանք կարող են պայմանավորված լինել նաև դիմային գանգի ոսկրային և աճառային հատվածների աճի տարբեր ընթացքով։ Տարբեր արագությամբ աճելով, այդ հատվածները ժամանակի ընթացքում կարող են առաջացնել միջնապատի դեֆորմացիա։ Պոլիպները կամ խեցիների հիպերտրոֆիան նույնպես կարող են ճնշել միջնապատը։

Արտաքինից դժվարաշնչությունը պայմանավորված չէ միայն դեֆորմացիայով։ Կարող է լինել, որ արտաքինից քիթը բավականին գեղեցիկ է, բայց ներսում ունի դեֆորմացված միջնապատ, կամ՝ հակառակը, արտաքինից դեֆորմացված է, բայց միջնապատի շնչառության համար կարևոր հատվածները ուղիղ են։

Այսպիսի դեֆորմացիաների ախտանշաններից են գլխացավերը, հոգնածությունը, գիշերային խռմփոցները և քնի խանգարումները։

Խռմփոցը միշտ խնդրի՞ է նշան։ Ոչ միշտ։

Խռմփոցի բազմաթիվ այլ պատճառներ կան, սակայն միջնապատի դեֆորմացիան նույնպես կարող է ազդել և առաջացնել խռմփոց։

Ինչո՞ւ են ադենոիդները վտանգավոր, հատկապես երեխաների համար։

Ադենոիդները, որոնք ժողովուրդը «քթի միս» են կոչում, երեխաների դժվարաշնչության հիմնական պատճառներից են։ Դրանց հիմնական ախտանիշը գիշերային խռմփոցն է, բերանը բաց շնչելու սովորությունը և հաճախ՝ ականջի բորբոքումները։ Ադենոիդը գտնվում է քթըմպանում, որտեղ բացվում են նաև եվստախյան փողի բացվածքները։ Եվստախյան փողը կապ է ստեղծում քթըմպանի և միջին ականջի միջև, ապահովում է օդափոխությունը։ Երբ ադենոիդը չափերով մեծանում է՝ փակում է այդ բացվածքը, ինչի արդյունքում առաջանում է ականջի բորբոքում, հեղուկ է կուտակվում ականջում, և երեխաների մոտ առաջանում է ծանրալսություն։

Պոլիպները․ ախտանշաններն ու վտանգները

Պոլիպները բարորակ գոյացություններ են, որոնք առաջանում են քթի խոռոչի լորձաթաղանթի քրոնիկ բորբոքման հետևանքով։ Պատճառը վերջնական հայտնաբերված չէ, կան տարբեր նախատրամադրող գործոններ, այդ թվում՝ ժառանգական նախատրամադրվածությունը։ Հիմնական ախտանշաններն են քթային վատ շնչառությունը, հոտառության կորուստն ու քթախոսությունը։ Երկարատև վիճակի ժամանակ պոլիպները կարող են ագրեսիվ աճ ունենալ՝ առաջացնելով քթի, հարքթային խոռոչների ոսկրային պատերի դեֆեկտներ, և այս դեպքում խնդիրն ավելի բարդանալու է։

Ինչո՞ւ է բերանային շնչառությունը վտանգավոր։

Բերանային շնչառությունը երբեք չի փոխարինում քթային շնչառությանը։ Քթի խոռոչի լորձաթաղանթում ունենք ընկալիչներ, որոնք օդի հետ շփվելուց գրգիռներ են ուղարկում դեպի գլխուղեղ, որտեղից կարգավորվում է շնչառության խորությունը, որակը, արյան շրջանառությունը և այլն։ Բերանային շնչառության ժամանակ այս մեխանիզմները խաթարվում են, առաջանում է թթվածնաքաղց։

Ինչպե՞ս հասկանալ, որ ունեք խնդիր։

Բուժառուները հաճախ են նշում, որ կողքերից մեկով պառկելիս հենց այդ կողմի շնչառությունն է վատանում։ Դա հիմնականում խեցիների չափերի մեծացումով է պայմանավորված։ Կողքի պառկելը կարող է ավելի ցավոտ դարձնել դեֆորմացված միջնապատի ճնշումը։

Tags:
Share:

Առնչվող գրառում