Սկսեմ այս «զորահանդեսի» զոհերից։ Ինչքանո՞վ է աճել մայիսի 26-ի օրվա մահերի թիվը Երեւանում, եւ քանի՞նդիցն են եղել ուշ շտապօգնության պատճառով։ Կա՞ վիճակագրություն, որը կհաստատի այս վկայությունները։ Բնականաբար, չկա։ Ես Ավանից մինչեւ քաղաքի կենտրոն առնվազն երկու տասնյակ շտապօգնության մեքենա եմ տեսել՝ խցանման մեջ կանգնած։ Ու ո՞ւմ տանձին էր, որ այդ պահին Վաղո հոպարի կույրաղիքի նոպան էր բռնել, կամ Վարդուշ տատի ճնշումն էր բարձրացել։ Խեղճերը, հավանաբար, մահացել են՝ այդպես էլ շտապօգնության երեսը չտեսած։
Ոստիկանության աշխատանքի մասին ընդհանրապես կլռեմ։ Տպավորություն էր ստեղծվել, թե նրանք ոչ թե նախապես որոշված փողոցներն են փակել, այլ բոլորը, որոնք հասցրել էին։ Ուզում էի գտնել մի անցք, որ դուրս գայի այդ համընդհանուր «սոդոմ-գոմորից», բայց ապարդյուն։ Սերժանտ Սըքեն փակել էր փողոցը, չի թողնում։ «Այ տղա, ես ուզում եմ շրջվել ու հետ գնալ Ավան։ Չէ, փակ ա…»։ Իմացողներն ասում էին, որ մայրաքաղաքի կենտրոնում եւ հարակից փողոցներում 10 բալանոց խցանում է եղել ժամեր շարունակ։ Ոստիկաններն ու պիցցա բաժանող հնդիկներն անգամ չեն կարողացել տեղաշարժվել։
Լավ, ի՞նչի՞ համար է այս ամենը։ Մենք, ախր, հաղթանակի օր էլ չունենք, որ ասեմ՝ նշում ենք։ Ամեն ինչ մունդռեց՝ մեր հաղթանակներից մինչեւ հաղթանակած բանակ։ Ու էն բանակը, որի շարքերում 12 հազար դասալիք կար (Աննա Հակոբյան, Նիկոլ Փաշինյան, հուշեր), որ փախել էր, ճողոպրել էր մարտադաշտից, պիտի անցնի Հանրապետության հրապարակո՞վ։ Պարտված, փախած, ճողոպրած գերագույն գլխավոր հրամանատարը զորահանդես է ընդունում, ովքե՞ր են առաջնորդելու զինվորներին՝ երկչոտ, կզած, դավաճանած գեներալնե՞րը։ Այս գործում երկու էշի գարի իրարից ջոկել չկարողացող Պապիկյան Սուրոն պիտի «հաղթական շրջի» զորքերի առաջ… Դուք, ինչ է, կարծում եք՝ գժանոցում ամեն ինչ այլ կե՞րպ է լինում։ Է՛լ Նապոլեոն, է՛լ Կուտուզով, է՛լ Մակեդոնացի… Ամբողջ օրը կռիվ-կռիվ են խաղում, պատիվ տալիս ու առնում։
Արագածի մակետն են դրել հրապարակում։ Խեղճ Արագած, որ այդպիսի տեսք ունես՝ գագաթներդ կտրած, սեգ ժայռերդ կլորացրած… Բայց ի՞նչ արած, նիկոլական անգաղափարականության զոհերից մեկն էլ դու ես… Մասիսի պատկերից խորշում է մարդը։ Թուրքերը վիզը կպոկեին, եթե Արարատ դներ։ Վախը քի՞չ բան է։ Նախապես էլ հայտարարել էր, որ այս զորահանդեսն ուժի ցուցադրության զորահանդես չէ, հարեւաններին սպառնալիքներ փոխանցելու զորահանդես չէ, այլ շոու է, որպեսզի ցույց տա, թե որտեղ եւ ինչպես է ծախսել ժողովրդի վզին դրված 8.5 միլիարդի պարտքը։ Սա ոչ թե զորահանդես է, այլ նախընտրական քարոզչություն՝ պետական ռեսուրսի ափաշկարա գործադրմամբ։ Ռեաբիլիտացվելու խնդիր է լուծում 44-օրյա պատերազմից հետո փախած, ժողովրդի ցասումից պադվալներում թաքնված, բայց հազար ու մի հնարքներով մարդկանց ուղեղները մաքրազարդած ու վերարտադրված Նիկոլը։ Մարդիկ պետք է զորահանդես տեսնեն ու ծափ տան, փառաբանեն իրեն ընտրությունների նախօրյակին։ Այլապես իր խմբակով ուր գնում՝ խայտառակվում է, բողոք, անեծք ու հայհոյանք է, որ լսում է։ Ուրիշ ի՞նչ պետք է աներ այդ մթնոլորտը փոխելու համար… Դե իհարկե՝ նախընտրական զորահանդես եւ այն էլ՝ Սարդարապատի օրով։
Եվ ավարտեմ։ Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե նորմալ կազմակերպեր այս ամենը։ Նրա ամեն քայլը հարայ-հրոցով է ուղեկցվում։ Արցախում ճղճղալը, անձամբ զորահավաք կազմակերպելը, ընդդիմության հասցեին լուտանքներ թափելը, քարոզարշավի շրջանակներում մարդկանց քաշքշելը, սպառնալը, սեփական մեղքերի մեջ ուրիշներին մեղադրելը, քաղաքում նրա տեղաշարժերը… Ամեն, ամեն ինչ, որ նրա անվան հետ է կապված, ուղեկցվում է աղմուկ-աղաղակով։ Բացառություն չէ նաեւ զորահանդեսը, որ նա է կազմակերպել։ Մի ամբողջ էշի հարսանիք՝ կասեր Աբովյանը։

