Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանի համար վճռորոշ են, և դրանց նշանակությունը դժվար է գերագնահատել։ Իմ վերլուծությունը նվիրված է ներկայիս քաղաքական իրավիճակի և հասարակության տրամադրությունների ուսումնասիրությանը։
Երկրի ողջ տարածքում զգացվում է հոգնածություն, հիասթափություն և դժգոհություն։ Այս զգացողությունները կուտակվել են ութ տարվա ընթացքում՝ ազգային ցնցումների, կորուստների, բոլոր տեսակի ձախողումների և ապագայի անորոշության հետևանքով։ Սա ոչ թե պարզապես քաղաքական դժգոհություն է, այլ ավելի խորը, ազգային հոգեկան վիճակ, որը պահանջում է արմատական փոփոխություն։
Սակայն այս ընտրությունները տեղի են ունենում նոր քաղաքական միջավայրում։ Ձևավորվել են մի շարք լուրջ և վստահելի ընդդիմադիր քաղաքական դաշինքներ, որոնք աչքի են ընկնում իրենց ծրագրերով, փորձով և կառավարման կարողությամբ։ Այս դաշինքները, թե՛ առանձին, թե՛ միասին, ունեն հստակ հնարավորություն ապահովել խորհրդարանական հստակ մեծամասնություն։
Այս պայմաններում ընդդիմության և հայ հասարակության նպատակը պետք է լինի ոչ միայն այն, որ թույլ չտան, որպեսզի իշխող կուսակցությունը ստանա պարզ մեծամասնություն, այլ նաև այն, որ նրա կուսակցությունը չհաղթահարի նույնիսկ խորհրդարան մուտք գործելու նվազագույն շեմը։ Սա ավելի բարձր նպատակ է, քան պարզապես իշխանափոխությունը։
Այս ընտրությունները վերաբերում են հայ հասարակության իրական տրամադրությունները հստակ քաղաքական արդյունքի վերածելուն։ Պայմանները առկա են։ Դժգոհ ընտրազանգված, հիասթափված, հուսալքված ու նվաստացած հասարակություն, վստահելի ու հեռանկարային խաղաղության և զարգացման ծրագրեր, ինչպես նաև ընդհանուր գիտակցում, որ ներկա ընթացքը անընդունելի է։
Եթե հավաքական ընդդիմությունը և ընտրողները գործեն հստակությամբ և նպատակասլացությամբ, արդյունքը կարող է լինել ոչ միայն պարզ իշխանափոխություն, այլև արմատական ու լիարժեք քաղաքական վերակառուցում։ Իրոք, մեծ հնարավորություն կա ոչ միայն փոխել իշխանությունը, այլև մեկընդմիշտ փակել և հիշողությունից ջնջել մի փուլ, որը արդեն համարվում է երկրի ամենածանր և նվաստացուցիչ ժամանակը, և բացել նորը՝ հիմնված արժանապատվության, պատասխանատվության, կարողության և ազգային վերականգնման վրա։

