Փետրվարի 16-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Ժնևում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Նույն օրը Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ «միջուկային հարցերով Օմանի միջնորդությամբ բանակցություններին Իրանի պատվիրակությունը կքննարկի տեխնիկական և իրավական հարցեր»։
Այս զարգացումները տեղի են ունեցել այն պահին, երբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը նույն օրը սկսել են «Խելոք հսկողություն Հորմուզի նեղուցում» անվանումով զորավարժություններ։ Ըստ լրատվամիջոցների՝ զորավարժությունների նպատակը «ցանկացած իրավիճակի պատրաստ լինելն» է։
Այս ռազմական ցուցադրությունը տեղի է ունենում այն պահին, երբ մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ հայտնել են, որ ԱՄՆ-ի ուժերը Հնդկական օվկիանոսում «աբորդաժի են ենթարկել» Պանամայի դրոշի ներքո գրանցված, բայց իրանական նավթատար լցանավ։
Ժնևի բանակցությունները, որոնք կլինեն միջնորդավորված, կնշանակեն Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի շփում։ Իրանական կողմի պահանջով ամերիկյան պատվիրակության կազմում զինվորականներ չեն լինի։ Բանակցությունների գլխավոր բանակցողն է նշանակված ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը, ում կաջակցի Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։ Իրանական պատվիրակությունը կներկայանա բավական ազդեցիկ կազմով՝ ներգրավելով փոխարտգործնախարարներ և ԱԳՆ վարչությունների պետեր։
Բանակցություններին ընդառաջ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ երկրի ռազմածովային ուժերը տարածաշրջան են ուղարկելու երկրորդ ավիակիր և ռազմանավախումբ։ Միաժամանակ, Միացյալ Նահանգների բոլոր ռազմահենակայաններում Մերձավոր Արևելքում հայտարարվել է մարտական ամենաբարձր աստիճանի պատրաստություն։
Նախագահ Թրամփը հայտարարել է, որ չէր ցանկանա, որ իրավիճակը հասնի այս մակարդակի, սակայն եթե «գործարքը չկայանա», ապա ինքը «անցնելու է երկրորդ տարբերակի, որ նրանց (Իրանի) համար շատ, չափազանց շատ ցավոտ կլինի»։ Նա նաև հավելել է, որ իրանական հարցի հանգուցալուծման ամենահարմար տարբերակը համարում է «վարչախմբի փոփոխությունը»։
Այս իրադարձությունների շարքը ցույց է տալիս, թե որքան բարդ և լարված է Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ներկա վիճակը, որտեղ միաժամանակ իրականացվում են բանակցություններ, ռազմական ցուցադրություններ և սպառնալիքներ։

