Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը հայտնել է, որ երկիրը համաձայնել է ԱՄՆ-ի հետ երկշաբաթյա զինադադարի և բանակցությունների սկսման։ Ըստ հայտարարության՝ բանակցությունները կսկսվեն ուրբաթ օրը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ հիմնվելով Թեհրանի կողմից ներկայացրած 10 կետից բաղկացած առաջարկի վրա։
Այս հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որում նա նշել էր, որ առայժմ հետաձգում է իրանական քաղաքակրթությանը վերջ դնելու սպառնալիքը և երկու շաբաթով կասեցնում է հարձակումները երկրի վրա։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն արդեն հասել և գերազանցել է իր բոլոր ռազմական նպատակները և շատ մոտ է Իրանի հետ երկարատև խաղաղության վերջնական համաձայնագրին։ Նա հավելացրել է, որ ԱՄՆ-ն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը, նրա կարծիքով, բանակցությունների համար պիտանի հիմք է։ Ըստ նրա՝ երկու երկրները գրեթե բոլոր վիճելի հարցերի շուրջ համաձայնության են հասել, և երկշաբաթյա ժամկետը թույլ կտա վերջնական տեսքի բերել և կնքել համաձայնագիրը։
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, խոսելով Իրանի Ազգային անվտանգության խորհրդի անունից, հաստատել է Թեհրանի համաձայնությունը։ Ամերիկյան կողմը դեռ չի հաստատել այս տեղեկությունը։

