Հայաստանում ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունը, որով արգելվեց կուսակցություններին անուններում անձնանուններ օգտագործելը, ոչ թե հումորի, այլ խոր մտահոգության առիթ է դարձել։ Այս օրենսդրական քայլը, որը նախատեսված էր Սամվել Կարապետյանի անունով ընտրական դաշինքի գրանցումը կանխելու համար, ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը վերացրել է իրավական և դեմոկրատական ցանկացած կառուցակարգի նկատմամբ ցանկացած հարգանք։
Իշխանության վրա ազդեցություն չեն ունենա ոչ սոցիոլոգիական հարցումները, ոչ ընտրատեղամասերում մարդկանց ակտիվությունը, ո՛չ էլ ընդդիմության կողմից ստացված ձայների քանակը։ Ընտրությունների ելքը որոշելու է միայն մեկ գործոն՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված ուղղահայաց համակարգի կառավարելիության աստիճանը։
Այս համակարգի հիմքում ընկած է «առանց Նիկոլ՝ բոլորի կործանում» սկզբունքը։ Իր արդյունավետությունը, այսինքն՝ համակարգին կառավարելու Փաշինյանի կարողությունը, աճում է ընդդիմության հռետորաբանության կոշտացման հետ։ Որքան ավելի շատ է ընդդիմությունը վերբալ սպառնալիքներ հնչեցնում, այնքան պետական կառավարման համակարգի, իրավապահների մոտ ավելի է սրվում հանուն ինքնապահպանման գործող իշխանության վերարտադրությանն ավելի անձնուրաց նվիրվելու բնազդը։
Այս տոտալ կառավարելիությունը Նիկոլ Փաշինյանին թույլ է տալիս ոչ միայն իր դեսպոտիզմը բավարարել, այլև հենց իշխանության վերարտադրությունը ապահովել։ Ընդդիմությունը, որը ներկայացնում է այս փոփոխությունը որպես Փաշինյանի վախերի դրսևորում, իրականում ցույց է տալիս, որ քաղաքական և պետական համակարգերը վերահսկվում են այնպես, որ ընտրություններից հետո՝ անկախ արդյունքներից, Ազգային Ժողովի միջոցով կարելի է ընդհուպ նոր օրենք ընդունել, որով իրեն հավերժ կառավարիչ հռչակել։
Արևմուտքը, «հիբրիդային պատերազմի դեմ պայքարի» շրջանակներում, կծափահարի այս քայլին՝ հայտարարելով, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոնից դարձել է դեմոկրատիայի նորահայտ մայրցամաք։ Իսկ Ռուսաստանը «հարգանքով կվերաբերվի բարեկամ հայ ժողովրդի ընտրությանը»՝ հարմար պահի արդեն նորընտիր Փաշինյանին Մոսկվա կանչելու ու նրա վրա ինքնահաստատվելու հաշվարկով։
Ընդդիմության առջև կանգնած է ամենաարդյունավետ և ամենաանհրաժեշտ խնդիրը՝ փոխել այս ամենօրվա հետ ամրապնդվող ստատուս-քվոն։ Դա պահանջում է ընտրությունները Փաշինյանի խաղի կանոններով անցկացնելու մթնոլորտի փոփոխություն և նոր կանոնների պարտադրում։ Այս պահին և ընդդիմության կողմից այս գործիքակազմով դա ծիծաղելիորեն անհնարին է թվում։
Առաջիկա երկու ամիսներում ընդդիմությունները պետք է գտնեն «Իրական Հայաստանին» իրական հայ մարդուն հակադրելու ալգորիթմը։ Սա է այս ընտրական շրջափուլի, բայց նաև հետագա ժամանակների ամենագլխավոր հարցը։ Այն ավելի կարևոր է, քան սոցիոլոգիական հարցումների չափումները և դրանցով հիացող չափվողների ինքնագոհությունից արձակվող ձայները։
Նախընտրական ղալմաղալում ամենաշատը հնչող ու երևացող «Խաղաղությունը» պատերազմի մասին է։ Իշխանական «խաղաղության» իմաստն այն է, որ իրենք խաղաղություն են բերել, ու որպեսզի խաղաղությունը չգնա, իրենք պետք է մնան։ Այս բառով «ձեր Նիկոլը» ասում է՝ չնայած կորցրել ենք երեքհազարամյա Արցախը, չնայած դրա համար զոհվել են մոտ 5000 երիտասարդներ, չնայած Հայաստանի ռազմավարական բարձունքների մի մասը վերածվել է տեսարժան վայրերի՝ ադրբեջանական զինուժի համար, չնայած Հայաստանի ճանապարհները հարմար գնով վարձակալության ու անվանակոչության ենք հանձնում առաջին պատահածին ու էլի անհաշիվ չնայածներ․․․ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, «խաղաղ զարգացման դարաշրջան բացելը․․․»։

